Պատերազմից առաջ Մարտունու բնակչությունը եղել է 6200 մարդ, այսօր քաղաքի փողոցներում հատուկենտ մարդու կարող ես տեսնել: Հիմնական պատճառը շարքից դուրս եկած ենթակառուցվածքներն ու վնասված տներն են: Հրաչիկ Ավագյանի տունը ամբողջությամբ այրվել է թշնամու հրթիռի հարվածից:
Տներից զրկված բնակիչները Մարտունիում շատ են: Պատմում են, որ քաղաքը դարձել է հրետանու պատերազմի թատերաբեմ: Քաղաքապետին հարցնում եմ վնասների մասշտաբի մասին:
Էդիկ Ավանեսյանի խոսքով՝ չնայած սոցիալական ծանրությանը, բնակիչները սկսել են վերադառնալ: Գլխավոր խնդիրը կապի միջոցների և էլեկտրականության բացակայությունն է:
Նոյեմբերյանի 12 հոգանոց կամավորների խումբը իր վրա է վերցրել քաղաքի էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքը: Արթուր Ամիրաղյանն ասում է՝ Մարտունու և Նոյեմբերյանի ճակատագրերը շատ նման են՝ ինչպես սահմանապահ համայնքի, այնպես էլ թշնամու հարվածներին դիմակայելու առումով:
Քանի դեռ նոյեմբերյանցիները ավելի քան 5000 մետր մալուխով վերականգնում են Մարտունու էլեկտրականությունը, մենք այցելում ենք տուն վերադարձած մարտունեցի ընտանիքներին: Հայրերը առաջնագծում են, մայրերն ու երեխաները տան ծուխը կրկին վառ են պահում:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան