Զինվորների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո արդեն 104 շահառուի տրամադրել է հատուցում՝ տեղեկացրել է հիմնադրամի գործադիր տնօրենը «Արմենպրես» գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Վարուժան Ավետիքյանը նշել է, որ շահառուները սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներն են:
«Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները, և ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում,- ասել է Ավետիքյանը՝ հավելելով,- ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել համապատասխան փաստաթղթային փաթեթ: Այդ գործընթացին ներգրավված են մարզպետարանները և Երևանում՝ վարչական շրջանները»:
Այժմ հիմնադրամը հատուցում է տրամադրում միայն զոհվածների ընտանիքներին, թեպետ որպես շահառու դիտարկվում են նաև հաշմանդամություն ձեռք բերած զինվորները՝ ասել է հիմնադրամի ղեկավարը, ավելացնելով՝ երկրորդ խմբի դեպքում որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Վիրավորված զինծառայողը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որոշակի վերականգնում պետք է տեղի ունենա, այնուհետև համապատասխան փորձաքննությունից հետո տրվի հաշմանդամության խումբ: Այդ խումբը ստանալուց հետո արդեն տվյալ զինծառայողը կդառնա հիմնադրամի շահառու:
«Այս գործընթացը մեկ օրում կամ մեկ շաբաթում չի կատարվում, սակայն, այո, առաջիկայում մենք կունենանք նաև հաշմանդամություն ունեցող շահառուներ»,- նշել է Վարուժան Ավետիքյանը և վստահեցրել, որ ոչմի շահառու դուրս չի մնա աջակցության ցուցակներից։