44-օրյա պատերազմից հետո արցախցիներին ժպտալ ստիպում են նորածինները: Ստեփանակերտի հիվանդանոցում երկրորդ ծնունդն են ընդունել:
Բժիշկ Ղահրամանյանը վստահեցնում է՝ կեսարյան վիրահատությունը հաջող է անցել:
Էդուարդ Ղահրամանյան (մանկաբարձ-գինեկոլոգ) - Փառք Աստծո, և՛ ծննդկանի, և՛ նորածնի վիճակը նորմալ է: Հասուն պտուղ է, արական սեռի, և հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք շատ ուրախ ենք այս ընտանիքի համար:
Ծանոթացեք. Գոռն է՝ Արտակ և Լարիսա Պետրոսյանների որդին: Քաշը՝ 3,5 կիլոգրամ, հասակը՝ 51 սանտիմետր: Նրան խնամելու պատիվը վստահվել է բուժքույր Արմինեին: Այս օրերին ամենահաճելի աշխատանքն է, ասում է բուժքույրը:
Արմինե Խաչատրյան (բուժքույր) - Բոլոր երեխաների հետ կապվում ենք՝ ինչպես մեր երեխաների, մեր հարազատ երեխաների:
Մինչև բժիշկները կավարտեն վիրահատությունը, փոքրիկի ձեռքին կապում են իր մասին պատմող առաջին տվյալները: Ահա, մայրն է տեղափոխվում հիվանդասենյակ, որտեղ հարևանությամբ երկու օր առաջ ծննդաբերած Էլինան է՝ Ավետարանոց գյուղից:
Էլինա Գադրյան - Խաղաղություն լինի, որ բոլոր երեխաները խաղաղության մեջ մեծանան:
Ծնողների առաջնեկ Աշոտը պապիկի անունն է կրում: Հայրը զինվորական է: Մեկ օրով եկել է, տեսել կնոջն ու որդուն, նորից վերադարձել ծառայության: