Փարիզի դատարանը սկսել է կոռուպցիայի և հետաքննության վրա ճնշում գործադրելու վերաբերյալ գործի քննությունը, որում մեղադրանք է ներկայացվել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Նա ներկայացել է դատարան, բայց չի պատասխանել լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների հարցերին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ակնկալվում է, որ լսումները կտևեն մինչ դեկտեմբերի 10-ը: Խոսքը, այսպես կոչված, «գաղտնալսման գործի» մասին է: Գործով մեղադրյալներ են նաև Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգն ու Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ժիլբերտ Ազիբերը:
Հետաքննության համաձայն, Ֆրանսիայի նախկին նախագահը, իր փաստաբան Էրզոգի միջոցով, խոստացել է օգնել Ազիբերին Մոնակոյում պաշտոն ստանալու հարցում` մեկ այլ հետաքննության մասին գաղտնի տեղեկության դիմաց: Դա վերաբերում է Ֆրանսիական L'Oreal ընկերության ժառանգորդ Լիլիան Բետանկուրի կողմից 2007-ի Սարկոզիի նախագահական ընտրարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման գործին:
Քննիչների կարծիքով՝ նախկին նախագահը ցանկացել է վերադարձնել այդ ֆինանսավորման հետ կապված իր աշխատանքային գրառումները, որոնք առգրավվել էին հետաքննության ժամանակ: Այդ գործի հետաքննության շրջանակներում, 2013-ի սեպտեմբերին քննիչները սկսեցին գաղտնալսել Սարկոզիի հեռախոսային խոսակցությունները: 2014-ի սկզբին նրանք հայտնաբերեցին, որ քաղաքական գործիչը իր փաստաբան Էրզոգի հետ շփվում էր կեղծ անուններով գրանցված բջջային հեռախոսներով:
Սարկոզին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: BFMTV հեռուստաալիքի եթերում նախկին առաջնորդը մասնավորապես նշել է, որ Ազիբերը Մոնակոյում ոչ մի պաշտոն չի ստացել:
Գործով մեղադրյալներին կարող է սպառնալ տաս տարվա ազատազրկում և մինչև մեկ միլիոն եվրոյի տուգանք:
Հաջորդ գարնանը սկսվելու է Սարկոզիի դեմ մեկ այլ դատական գործընթաց՝ կապված նրա 2012 թ. նախագահական ընտրարշավի ֆինանսավորման հետ: