Դաշնությունից նվեր ստացած կորոնավիրուսի դեմ պայքարող «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը կստանա մի քանի կամավոր։ Շաբաթ օրվանից սկսած՝ ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներից զանգեր է ստանում, հետաքրքրվողներ կան, առաջինը լինելու ցանկությունը մեծ է՝ ասում է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը։
Հարցը դեռ իրավական դաշտում է. նոյեմբերի 21-ին ռուս գործընկերներից ստացած պատվաստանյութը դեռ պետք է ճանաչվի Հայաստանում, ապա մշակվի կամավորների համաձայնության ձևաթղթի տարբերակը, և միայն դրանից հետո կարող են կիրառվել։ Խոսքն այստեղ զանգվածային պատվաստման մասին չէ՝ հստակեցնում է Սահակյանը:
Թագավարակի դեմ պայքարում Ռուսաստանն այն առաջին երկրներից էր, որ սկսեց պատվաստանյութի արտադրությունը։ Հիմա Դաշնությունում երկու տեսակի դեղորայք է գրանցված, մեկը հենց Մոսկվայում ստեղծված «Սպուտնիկն է»։ Վեկտոր հիմքով դեղորայքն արդեն անցել է կլինիկական երկու փորձարկում, երրորդն էլ գրեթե ավարտվում է։ Դրա անվտանգությունն ու արդյունավետությունը ստուգելու համար մոտ 40 հազար կամավոր է ընդգրկվել ծրագրում, հոկտեմբերի 21-ի դրությամբ՝ կեսն արդեն պատվաստվել էր։ Ներարկումը կատարվում է երկու փուլով. երկրորդ դեղաչափը ստանում են առաջին պատվաստումից 21 օր հետո:
Սահակյանի խոսքով՝ «Սպուտնիկ V»-ն Ռուսաստանից ձեռք են բերել ու հիմա փորձարկում են նաև Բելառուսում, Բրազիլիայում, Հնդկաստանում։ Թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, ցույց կտա ժամանակը։ Նախարարության մասնագետը բացատրում է՝ վարակը հաղթահարելու համար, ըստ հաշվարկների, պետք է պատվաստվի բնակչության 70-80 տոկոսը։ Առաջնային կարևորելով բարձր ռիսկի խմբում ընդգրկված քաղաքացիների պաշտպանությունը՝ Հայաստանն այժմ փնտրտուքի մեջ է, կապ է պահվում տարբեր արտադրողների հետ։ Իսկ ռուսական «Սպուտնիկի» նմուշներն առայժմ պատվաստանյութերի ազգային պահեստում են, -18 ջերմաստիճանի պայմաններում, քանի դեռ այն կիրառելու իրավական հիմքերը մշակվում են։