Նոյեմբերի 22-ին Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն էր: Այս կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր քաջարի մարտիկներին, ովքեր անմնացորդ նվիրվածությամբ ու անկոտրում հաստատակամությամբ պայքարեցին հանուն հայրենի հողի ու վաղվա օրվա:
Հայաստանում նոյեմբերի 22-ը նշվում է նաև որպես բանկային աշխատողի օր: Ստեղծված պայմաններում Միության գնահատանքի և երախտիքի խոսքն ուղղված է նաև համակարգի աշխատակիցներին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում ու թիկունքում միացան համազգային պայքարին:
Հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել և զորահավաքային շրջանակում առաջնագիծ է մեկնել առևտրային բանկերի 412 աշխատակից: Ցավոք, նրանց շարքերում ունենք նաև զոհեր ու վիրավորներ:
Համակարգն ու աշխատակիցները թիկունքում ևս արել են հնարավորը՝ առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար:
Միանալով հայրենիքում և աշխարհասփյուռ հայության կողմից նախաձեռնվող և Արցախին ուղղված
ծրագրերին՝ տարբեր ուղղություններով ցուցաբերվել է նաև ֆինանսական և հումանիտար աջակցություն:
Մասնավորապես՝ դրամական փոխանցումներ են կատարվել Արցախի Հանրապետության ֆինանսների
նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, «Զինծառայողների ապահովագրության
հիմնադրամին»: Բանկերի և համակարգի աշխատակիցների ջանքերով համակարգված աշխատանք է տարվել պարեն, հագուստ, դեղորայք, առաջնային անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու և առաջնագիծ հասցնելու, ինչպես նաև Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով:
ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, առևտրային բանկերի կողմից նախեձեռնվեցին նաև
հաճախորդների աջակցության ծրագրեր՝ վարկի մարման ժամկետի հետաձգումից մինչև վարկերի մասնակի
կամ ամբողջական ներումներ:
Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:
ՀՀ կառավարության որոշմամբ 2003 թվականից նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1993 թ. այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: