Տիգրանակերտի պարսպի վրա ադրբեջանցիները դրոշ են բարձրացնում: Չի բացառվում՝ արագ էլ պեղումներ սկսեն ու մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կառուցած բերդ-ամրոցը փորձեն աշխարհին ներկայացնել իբրև աղվանական՝ կանխատեսում է հնավայրում տարիներով աշխատած արշավախմբի ղեկավարը. սրտից արյուն է կաթում: Տարածքից իրենք 15 հայերեն, 5-6 հունարեն վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի արձանագրություն են վավերացրել:
Համլետ Պետրոսյան (Տիգրանակերտ հնավայրն ուսումնասիրող արշավախմբի ղեկավար) - Միանգամայն հնարավոր է, որ վաղը մյուս օրը պեղումների ժամանակ հայկական տառեր-արձանագրության բեկորներ այդպես էլ լույս աշխարհ չգան..
Տիգրանակերտն ինչ վիճակում է անցել թշնամուն՝ լուսանկար, չափագրում, դրոնի նկարահանում... ամեն ինչ կա՝ վստահեցնում է Համլետ Պետրոսյանը: Չնայած ասում է, եթե Դադիվանքը, որ հայերեն 200 արձանագրություն ունի, պատեր, որ կարծես մատյան լինեն, փորձում են իրենցով անել, Տիգրանակերտն էլ կփորձեն: Միակ սփոփանքը Ֆեյսբուքի՝ նոյեմբերի 8-ի գրառումն է. Ակնայում՝ Աղդամում մնացող հուշարձանից պեղած նմուշներն ու հնագիտական գույքը հասցրել են հանել:
Համլետ Պետրոսյան - Ուզում եմ առանց մանրամասների ասել ոչ թե առանձին նմուշներ, այլ Տիգրանակերտի հնագիտական ընթացքում ձեռք բերված բոլոր նմուշները, այն ամենը, որ մենք, կարծում ենք, պիտի նկարվի, պահպանվի՝ այդ բոլորն ապահով վայրում են մինչև վերջին բեկորը:
Որտե՞ղ են դրանք, Պետրոսյանը չի հրապարակում: Համալսարանին կից լաբորատորիայի սեղաններից երկուսին Տիգրանակերտի կահ-կարասին է, խեցեղենը:
Համլետ Պետրոսյան - Սրանք չեն, չէ, վերջին նմուշները՝ ոչ...
Սրանք ամռանը բերված արկղերն են, խնամքով համարակալած: Այն, ինչ մինչև հիմա փոշուց մաքրվել-վերականգնվել է, ներկայացրել են ԱՄՆ-ից Շվեյցարիա, Իտալիայից Գերմանիա, հրատարակել միջազգային ամսագրերում: «Ինչո՞ւ ավելի մեծ աշխատանք ու քարոզչություն չի արվել»՝ վերջին օրերի հանդիմանանքը հունից հանում է Պետրոսյանին:
Համլետ Պետրոսյան - Ինչ կարող եմ ասել մեր ակադեմիայից, որ միայն 10 տարի հետո է առաջին անգամ լսել Տիգրանակերտի մասին, կամ գիտության կոմիտեից, որ մերժում էր Տիգրանակերտի ֆինանսավորումը: Բացարձակապես զրոյական վերաբերմունք թե´ քաղաքական ուժերի, թե´ պետական մարմինների կողմից դեպի այդ ամենը:
Իսկ Բաքուն փողով նաև աշխարհի լռությունն է գնել: Ջուղայի խաչքարերի փշրելը տեսնելուց հետո Ադրբեջանին պատմական ժառանգություն կթողնե՞ն,- հարցնում է Համլետ Պետրոսյանը,- «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին չէ՝ ում ուզում է բողոքեն, թե հայերը տանում են իրենց մշակութային արժեքները:
Համլետ Պետրոսյան - Հիմա Ադրբեջանի պետությունն ինչ գրված է հայերեն՝ ավերում է, մենք ինչ անենք: Թողնենք այնտեղ, որ Ադրբեջանը չդիմի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին ու չասի տանում են: Ես ասում եմ՝ լավ ենք անում, չենք կարող մեր սրբությունները թողնել մի ագրեսորի, մի թշնամու տիրապետության տակ, որ վաղը նորից ողբանք, թե սա էլ ոչնչացրին...
Սա էլ Տիգրանակերտի գանձերից է. կարասային թաղումների բացառիկ ամբողջական նմուշ:
Համլետ Պետրոսյան - Այ սա է մեր թաղման կարասը՝ տեսեք որսի տեսարան, նիզակավորներ սրբազան ծառի մոտ:
Եկող ամռանը պետք է վերադարձնեին պահադարան, շարունակեին Տիգրանի կառուցած ամրոցի, երկու անտիկ թաղամասի և վաղ քրիստոնեական հրապարակի պեղումները: Չհասցրին: