Երկուշաբթի Փենսիլվանիան և Միչիգանը պատրաստվում են հայտարարել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների մասին, Նևադայի ընտրական հանձնաժողովը ժամանակ է պահանջել մինչև երեքշաբթի: Դոնալդ Թրամփի թիմի հայցերով երեք նահանգում իրականացվել է մասնակի վերահաշվարկ: Ավելի վաղ ձայների մասնակի կամ ամբողջական վերահաշվարկ իրականացվեց Արիզոնայում, Ջորջիայում և Վիսկոնսինում՝ հայտնում է BBC-ն:
Դեմոկրատները բազմիցս կոչ են արել Թրամփին՝ ընդունել պարտությունը և ապահովել իշխանության սահուն անցումը: Այժմ արդեն Թրամփին նման կոչով են դիմում հանրապետականները:
Նրանց թվում է Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին, որն «ազգային ամոթ» է որակել Բայդենի հաղթանակը վիճարկելու Թրամփի թիմի փորձերը: Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները քայքայիչ են հասարակության համար և մարդկանց ստիպում են կասկածի տակ դնել համակարգը: Ալյասկայի հանրապետական սենատոր Լիզա Մուրկովսկին էլ կոչ է արել Թրամփի վարչակազմին՝ սկսել Ջո Բայդենին լիազորությունների լիակատար և պաշտոնական հանձնման գործընթացը: