Արարատի հայացքի տակ Փարիզ-Երևան չվերթը 30 տոննա ծանրությամբ եկել է պատերազմից տուժած մարդկանց հասնելու: Ֆրանսիայի կառավարության ուղարկած առաջին մարդասիրական օգնությունը դիմավորում է մեր երկրում Ֆրանսիայի դեսպանը:
Բժշկական սարքավորումներ, դեղեր, որ կօգնեն ոտքի կանգնել պատերազմից վիրավորված զինվորներին, «Քովիդ-19»-ից գերծանրաբեռնված հիվանդներով հիվանդանոցներին: Էմանուել Մակրոնը դեռ Փարիզում «Հայաստան» հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղում դրամահավաք-հեռախոսամարաթոնին խոստացավ՝ կաջակցեն Արցախից տեղահանվածներին:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը Երևան կմեկնի նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։ Ֆրանսիան պահանջում է, որ հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ դրանց ոչնչացումը կանխելու համար։
Ժոնաթան Լաքոթ (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Այս ինքնաթիռը, որ իմ թիկունքում տեսնում եք, 30 տոննա է, հաջորդ շաբաթ Ֆրանսիայից Հայաստան կհասնի կառավարական երկրորդ ինքնաթիռը, արդեն՝ 50 տոննա: Նոյեմբերի 27-ին մարդասիրական օգնության հետ սպասում ենք նաև ֆրանսիական պատվիրակությանը, որոնց մեջ կլինեն նաև Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչներ: Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ պարզապես առաջին անհրաժեշտության շտապօգնություն չէ, այլ ցույց է տալիս Ֆրանսիա-Հայաստան ջերմ կապերը, ինչպես նաև մեր երկրների առողջապահական ոլորտների գործակցությունը, որը ցանկանում ենք ավելի սերտ դարձնել:
Ֆրանսիայի դեսպանն ասում է՝ հաջորդ այցին Ֆրանսիական պատվիրակությունը Հայաստան կգա, երբ Սենատում քննարկված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի նախագիծը: Նախաձեռնության համահեղինակներ Պատրիկ Քանները, Էլիան Ասասին, Գիյոմ Գոնտարդը, Էրվե Մարսելը, Բրյունո Ռետիյոն դատապարտում են Ադրբեջանի ռազմական ագրեսիան թուրքական իշխանությունների հովանավորությամբ և վարձու մարդասպանների իրականացմամբ: Սենատորները հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի պատմությունը, Թուրքիայի նախագահի վերջին տարիների սադրանքները, էքսպանսիոնիստական քաղաքականությունը Ֆրանսիայի, Եվրոպայի ու այլ երկրների նկատմամբ, առաջարկում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ճանաչումը դարձնել բանակցությունների գործիք ամուր խաղաղություն հաստատելու համար: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասում է՝ սա Ֆրանսիայի կողմից նախևառաջ համերաշխություն է Հայաստանի ու Արցախի հետ:
Ժոնաթան Լաքոթ - Ֆրանսիան, իհարկե, չի մասնակցել, Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ոչ էլ դրան հաջորդած բանակցություններին, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը մեզ համար մնում է առաջնահերթություն, որտեղ էլ նրանք լինեն: Բացի այդ, եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, շատերն էլ միանան, բանակցություններին վերադառնալու անհրաժեշտություն կա, քանի որ կրակի դադարեցումը դեռ բոլոր խնդիրները չի լուծել: Կարծում եմ՝ կարիք կա Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու, որին կմասնակցեն նաև համանախագահներ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Իսկ մինչև այդ պետք է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը:
Իսկ մինչև այս օգնությունը տեղ հասնի, Արարատի հայացքի տակ կսպասենք արդեն ֆրանսիական հաջորդ հումանիտար ինքնաթիռին: