Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
«Հանրապետության նախագահի և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարի խնդրանքով Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների և աջակցության կենտրոնի կողմից ղեկավարվող կոմիտեի շրջանակներում համակարգվող սույն միջոցառումը մոբիլիզացնում է պետությանը, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաներին, «Coordination Sud»-ի շրջանակներում համախմբված մարդասիրական կազմակերպություններին, բիզնես հիմնադրամներին և հիվանդանոցներին: Այն հիմնված է երեք առանցքի վրա:
1. Վերջին շաբաթների ընթացքում իրականացված առաջին արտակարգ գործողություններին հաջորդիվ, որոնք կայանում էին վիրաբույժներ և բժշկավիրաբուժական սարքավորումներ Հայաստան ուղարկելուն, կազմակերպվում են բազմաթիվ մարդասիրական չվերթներ: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության կողմից վարձակալած առաջին բեռնատար չվերթն այսօր կեսօրին ժամանել է Երևան: Այն Երևան է փոխադրում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ստանձնած միջոցներ` շտապ բուժօգնության սարքավորումներ, մասնավորապես՝, շարժական բուժկետ, որը հնարավորություն է ընձեռում սպասարկելու 500 անձի, ինչպես նաև ծածկոցներ և հիգիենայի պարագաների հավաքածուներ, որոնք բաժանվելու են հակամարտությունից տուժածներին:
Երկրորդ ինքնաթիռն արդեն իսկ նախատեսված է նոյեմբերի 27-ին, որի բեռը կհամախմբի պետական ռեսուրսներ, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես՝ «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հավաքագրված նվիրատվությունների, մարդասիրական կազմակերպությունների և բիզնես հիմնադրամների կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ:
2. Ի շարունակություն հոկտեմբերից միմյանց հաջորդած բժշկական առաքելություններին՝ աշխատանքի երկրորդ առանցքը վերաբերում է երկու երկրների բուժհաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը: Վերջինս կդյուրացնի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունը: Ֆրանսիայում արդեն իսկ մոբիլիզացված են Փարիզի և Մարսելի հիվանդանոցներն ու Լիոնի հոսպիտալները:
3. Երրորդ առանցքը նպատակ ունի աջակցել մարդասիրական կազմակերպությունների կամ ՄԱԿ-ի գործակալությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Ֆրանսիան ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրի տեղում գործող այս կառույցներին:
Ի վերջո, տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից որոշներն արդեն իսկ ակտիվորեն աջակցում են Հայաստանում իրականացվող նախագծերին, հրավիրվել են իրենց ներդրումն ունենալու այս համակարգի երեք առանցքում:
Գործարկված մարդասիրական օգնության սույն համակարգն արձագանքում է վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակին:
Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մնում է նաև լիովին մոբիլիզացված սույն հակամարտության տևական լուծմանը հանգելու համար»,- նշված է հայտարարության մեջ: