Թեհրանի թեմի առաջնորդարանից հայտնում են՝ նոյեմբերի 22-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն է կատարվել Արցախում զոհված հայ նահատակների հոգիների համար:
«Ի հետեւութիւն երկու վեհափառ հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ Ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44 օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ Քահանայ Խոսրովեանը։ Արարողութեանը ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, դեսպանատան դիւանգիտական անձնակազմը, Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը, Թեմական Խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը եւ խորհրդի նիւթականի պատասխանատու՝ Սոլէյման Քեշիշեանը»,- ասված է թեմի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։