Արցախի Քարվաճառի շրջանը հարակից բնակավայրերով Ադրբեջանին պետք է հանձնվի նոյեմբերի 25-ին: Այս տարածքը Հայաստանի Հանրապետության և Արցախի համար կենսական նշանակություն ունի հատկապես իր ջրհավաք ավազանով: Պարզվում է, որ խորհրդային տարիներին Քարվաճառի աղբյուրները պատկանել են Հայաստանին: «Լուրեր»-ի լրագրող Նաիրի Հոխիկյանը եղել է Արցախի այդ հատվածում և բացել ռազմավարական առումով մի շարք փակագծեր:
Արցախի Շահումյանի շրջանը կամ Քարվաճառը, իսկ ընդունված տերմինով՝ Քելբաջարը, Հարավային Կովկասի ամենահարուստ ջրային պաշարներ ունեցող տարածքներից մեկն է: Այստեղից սկիզբ առնող գետերը սնում են տարածաշրջանն ամբողջությամբ, առաջին հերթին՝ Սևանի ավազանը, նաև հասնում Իրանի սահման և լցվում Խուդաֆերինի ջրամբար:
Քարվաճառի աղբյուրներից սկիզբ առնող մյուս երկու գետերը՝ Խաչենը և Թարթառը, հոսում են դեպի Արցախի խորքերը, այնուհետև՝ Ադրբեջան: Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ սեպի պես խրված ռազմավարական նշանակության այս հատվածում մենք տեսանք հարյուրավոր աղբյուրներ և առուներ, որոնք վերածվում են 4 խոշոր գետի:
Արցախի Ծար գյուղը տեղակայված է նշված հատվածում: Քիչ վերևում տաք և սառնորակ ջրերով հարուստ այս փոքրիկ կտորն Արցախի նախագահի խորհրդականը համարում է հայկական պետության ջրային անվտանգության թիվ մեկ դոնոր:
Ընդհանուր առմամբ՝ Քարվաճառի ջրհավաք այս ավազանի տարածքը մոտ 260 քկմ է՝ մոտ 26 կմ մտնելով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի մեջտեղը և 10 կմ՝ ներառելով Քարվաճառից: Եթե այն նոր քարտեզագրման ենթարկվի և տրամադրվի Հայաստանին, ապա ապահովագրված կլինի ոչ միայն հայկական պետության, այլև Իրանի ջրային անվտանգությունը: