Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մեր նահատակված քաջ զինվորներին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում:
Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք, որ պայծառ ապագան, որ մենք կորցրինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է: Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք: Մենք սովորել ենք, որ մեզ այլ բան չի մնում, քան պատրաստ լինել կռվելու:
Նժդեհն ու Անդրանիկը կռվել են, քանի որ վստահ էին, որ պանթուրքական գաղափարախոսությունը չի հանգստանա և կօգտագործի ահաբեկչության բոլոր միջոցները մեզնից ազատվելու համար: Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ, և ինչպես պապս էր ասում՝ ուղղակի ամպ է, այն կանցնի, ու կրկին արևը կտեսնենք: Փա՛ռք մեր հերոսներին, թող հանգստություն իջնի նրանց հոգիներին»,- գրել է նա: