Աշխարհ-կորոնավիրուս պատերազմում մարդիկ դեռ պարտվում են: Վարակակիրների թիվը մոտենում է 59 միլիոնի: Ամենաշատ վարակվածները Միացյալ Նահանգներում են: Հնդկաստանում վարակակիրների թիվը մոտենում է տասը միլիոնի: Վրաստանում նոր ռեկորդ է գրանցվել. մեկ օրում 4048 նոր դեպք, 49 մահ:
2 միլիոնից ավելի վարակված, 48 հազարից ավելի մահ՝ Ֆրանսիայում, մոտ 1,5 միլիոն վարակված, ավելի քան 42,5 հազար մահ՝ Իսպանիայում: Ի տարբերություն եվրոպական այլ երկրների՝ թագավորությանը հաջողվել է խուսափել մեկուսացումից, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կատալոնիան պատրաստվում է երկուշաբթի վերաբացել հոկտեմբերի 16-ից այցելուների առաջ դռները փակած բարերն ու ռեստորանները:
Հակառակ պատկերն է Հունաստանում: Վարակվածների թիվն անընդհատ աճում է, երկրում վատթարագույն սցենարի վախերը՝ ևս: Երկրի երկրորդ մեծ քաղաքում՝ Սալոնիկում ծանրաբեռնվում են հիվանդանոցները, առողջապահական ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով:
Վերջին մեկ ամսում Սերբիայում ևս վարակակիրները կտրուկ ավելացել են: Դեպքերի թիվն անցել է 6 հազարը՝ 18 անգամ ավելի նախորդ ամսվա ցուցանիշից: Սերբական Ուղղափառ եկեղեցու առաջնորդը ևս մահացել է COVID-19- ից, երկրում եռօրյա ազգային սուգ է: Սակայն կարանտինում չեն ապրի, մեկուսացման միջոցներ չեն ձեռնարկվի:
Իսկ կորոնավիրուսից առաջինը տուժած Չինաստանում Ռուսաստանի հետ սահմանին գտնվող քաղաքային օկրուգում COVID-19-ի երկու դեպքի պատճառով կարանտին է սահմանվել: Նախօրդ օրը Չինաստանում գրանցել է կորոնավիրուսի 17 դեպք: Վարակվածներից մեկը Պեկին էր ժամանել Պակիստանից: Նրան հոսպիտալացրել են, նրա հետ նույն չվերթով եկածներին՝ ուղարկել ուժեղացված հսկողության: Համավարակի երկրորդ ալիքից հետո Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 92 հազար դեպք:
Անտեսանելի թշնամու դեմ պատերազմում հաղթելու հույսերը մեծանում են: Վակցինային Եվրամիությունում սպասում են տարեվերջին: Մինչև այդ Հունգարիան դարձել է Եվրոպայի առաջին երկրներից, որն արդեն պատվաստանյութ ունի: Բուդապեշտը ձեռք է բերել ռուսական Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը, որը չի հաստատվել Եվրոպական դեղերի գործակալության կողմից: Սակայն սրանք առաջին նմուշներն են, որ անցել են կլինիկական փորձարկումներ:
Իսկ Հայաստանն այսօր 3.436 թեստից ունի կորոնավիրուսի 1.385 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126.224-ի: Կորոնավիրուսից մահացել է 21 մարդ, մահացածների թիվը 1952 է: