Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների վրա դրված մեծ պատասխանատվությունը: Այս մասին նախարարը հայտնել է ֆրանսիական LSI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է դրված: Քանի որ հենց նրանց է ՄԱԿ-ը հանձնարարել հետևել հակամարտության կողմերի ստանձնած պարտականությունների կատարմանը: Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ մենք քիչ ջանքեր չենք գործադրել հրադադարի հասնելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ նախաձեռնություններ են եղել, մասնավորապես՝ իմ ռուս և ամերիկացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի կողմից, որպեսզի հասնենք ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն այն ժամանակ դրանք արդյունք չեն տվել»,- հայտնել է Լը Դրիանը:
«Միջազգային հանրությունը մեզ վրա պատասխանատվություն է դրել: Եվ Հայաստանն ինքը ցանկանում է, որ մենք պահպանենք այդ պատասխանատվությունը: Այդ ամենը մեզնից պահանջում է հավատարիմ մնալ հավասարակշռված դիրքորոշմանը»,- հավելել է նախարարը:
«Սակայն հարկ է ընդունել, որ ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն է առկա, և մենք ցանկանում ենք, որ այս առումով մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն: Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հայեր են բնակվել, և մենք ձգտում ենք հասնել այն բանին, որ իրենց բնակության վայրից դուրս եկած հայերը վերադառնան այնտեղ»,- ընդգծել է դիվանագետը:
«Անորոշություն կա նաև վարձկանների հարցի վերաբերյալ: Անհրաժեշտ է հասնել դրանց դուրսբերմանը, ինչի հետ համաձայն են Մինսկի խմբի համանագահ բոլոր երկրները: Դա վերաբերում է նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության հարցին: Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնություններ է ձեռնարկել ՅՈՒՆԵՍՕ-ի հետ համատեղ, ինչը նաև շաբաթ քննարկել եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- հավելել է Լը Դրիանը:
Վերջինս շեշտել է, որ միայն այս հարցերի կարգավորումից հետո կարելի է անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումներին: