Այս տարի ևս Ֆրանսիայում անցկացվեց «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-հեռախոսամարաթոնը։ Այն նվիրված է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայերի կարիքներին։
Նոյեմբերի 19-ին մեկնարկած 2020 թվականի դրամահավաք-հեռախոսամարաթոնը, թերևս, ամենատագնապալին էր և օրհասականը, քանի որ հանգանակվող գումարները ծառայելու են ինչպես արցախցիների ամենօրյա նյութական կարիքները հոգալուն, այնպես էլ կենսական կարևորության հեռահար խնդիրներ լուծելուն:
Մարաթոնն այս տարի, նախնական տվյալներով, Հայաստան կուղղի 2 միլիոն եվրո, ինչը շուրջ մեկ միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Մարաթոնի միջոցով Արցախին զորավիգ լինելու այս տարվա կոչը հնչեցնում էր հանրահայտ դերասան, դրամատուրգ Սիմոն Աբգարյանը: Նա 2020 թվականի հեռախոսամարաթոնի կնքահայրն է: Աբգարյանը պատերազմի և դրա հետևանքների մասին խոսելիս թեև մի պահ հուզվում է, սակայն մուսալեռցի և էրզրումցի պապերի քաջությունները վերհիշելով՝ կրկին գոտեպնդվում և է խոսում կարևորի՝ ժողովրդավարության և միասնության մասին:
Հանրահայտ կատակերգու, հայկական հնագույն ճաշատեսակների գրքի հեղինակ Կողին Զարզավադջյանը, թողնելով բեմը, այսօր, որպես կամավոր, հեռախոսամարաթոնի միջոցով հորդորում է կրկին սատարել Հայրենիքին այս դժվարին շրջանում:
Կողին Զարզավաջյան (կատակերգու) - Առաջին անգամ եմ որպես կամավոր հանդես գալիս հեռախոսամարաթոնին: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ մեր բոլորիս կյանքը փոխվեց: Պետք է նշեմ, որ կան մարդիկ, ովքեր պատերազմի օրերին արդեն հանգանակություններ են արել և հիմա կրկին մասնակցում են՝ գիտակցելով պահի լրջությունը:
Յուրի Ջորկաեֆ (ֆուտբոլիստ) - Ֆրանսիան, մասնավորապես Էմանուել Մակրոնը, Եվրոպային ցույց է տվել բազմիցս, որ մեր կողքին է, սկսած մարդասիրական օգնությունից և ավարտված՝ այլ ոլորտում: Մեր առաջին քայլն է, որպեսզի իրականացնենք տեղահանվածների անվտանգ և ապահով վերադարձն Արցախ և նրանց կեցության խնդիրները հոգալը:
Յուրի Ջորկայեֆը մարաթոնից հետո շտապեց օդանավակայան: Նա ուղեկցելու է Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռին:
Երկրորդի ժամանումը նախատեսված է նոյեմբերի 27-ին։