Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը` նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
ՌԴ արտգործնախարարը նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման գործում միջազգային կազմակերպությունների ներգրավվածության անհրաժեշտությունը:
«Մենք՝ խաղաղապահների միջոցով, մեր ադրբեջանցի գործընկերների հետ միասին, հայկական կողմի մասնակցությամբ, ակտիվորեն համաձայնեցնում ենք մարդասիրական խնդիրների լուծման հստակ ուղիներ` ի շահ վերադարձող մարդկանց: Դա քաղաքացիական ենթակառուցվածքի ու տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար անհրաժեշտ ամեն ինչի կարգավորումն է»,- ավելացրել է ՌԴ արտգործնախարարը:
«Մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք տարիներ շարունակ Ռուսաստանի հետ միասին ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով և հիմք ընդունելով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»,- շեշտել է Սերգեյ Լավրովը: