Աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնելիս օդանավակայանում տված ճեպազրույցում անդրադարձավ նաև մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության հարցերին:
Հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային աջակցությանը և նոյեմբերի 9-ի պայմանավորվածության իրագործումը հեշտացնելու համար միջազգային աջակցությունը համախմբելու անհրաժեշտությանը: Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք շահագրգռված ենք, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունները: Այդ կապակցությամբ դիմում ենք ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից: Նման դիմում կա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների կողմից: Մենք աշխատում ենք նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:
Երեկ ես հանգամանորեն խոսել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Ազուլեի հետ այն մասին, որ այդ կազմակերպությունը պետք է ակտիվորեն առաջարկի իր ծառայությունները` Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը վերաբերող գործող կոնվենցիաներին համապատասխան, ինչը շատ մեծ ներդրում կլինի աշխարհի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և համաձայնության ապահովման գործում: Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան ցուցաբերել է՝ ի պատասխան Սիրիայում մշակութային հուշարձանների պահպանության ապահովման վերաբերյալ բազմաթիվ կոչերի:
Ավարտելով՝ հիշեցնեմ, որ Հայաստանի ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղին: Մենք մեր այցը գնահատում ենք որպես Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ՌԴ նախագահի աջակցության հաստատում և որպես մեր օժանդակության դրսևորում այն ուղու, որը Հայաստանի ղեկավարությունը պաշտպանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և անցնել խաղաղ գործընթացների: