Ռուսաստանը Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային է փոխանցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին արված հայտարարության ամբողջական ինֆորմացիան: Այս մասին տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք այս օրերին սերտ շփման մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Ամերիկացի և ֆրանսիացի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա: Ես նրանց հետ հանդիպել եմ, նրանց հետ հանդիպել են նաև իմ գործընկերները, նրանց ներկայացվել է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնությունների մասին լիարժեք տեղեկատվություն:
Պայմանավորվածություններն ընթանում են այն սկզբունքների հունով, որոնք վերջին տարիներին համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և լայն աջակցություն ստացել աշխարհում»,- ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ ամենախոշոր միջազգային կազմակերպությունը, որի հետ այս պահին աշխատում են, Կարմիր խաչն է:
Նա նշել է, որ պարենի համաշխարհային կազմակերպությունը Երևանից հրավեր է ստացել Ղարաբաղում գործունեություն ծավալելու համար, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել մշակութային օջախների պաշտպանության համար: