ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Այս տարվա մայիսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես եկավ թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում Covid-19-ի տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։
Ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը։
Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։
Դեկտեմբերի երկրորդ կեսին կունենանք սարքի վերջնական տարբերակը»: