Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ չորրորդ փակ զեկույցը: Այն չորրորդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք հինգերորդ զեկույցի պատրաստման աշխատանքները՝ տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության հետևանք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին»,- Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ-ը: