Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը տեսակոնֆերանսի ժամանակ զեկուցել է ՌԴ նախագահին խաղաղապահ զորքերի կատարած աշխատանքի մասին։ Գեներալը նշել է, որ հակամարտող կողմերի հրամանատարության և տեղական վարչակազմերի հետ ստեղծվել են գործնական հարաբերություններ։ ԼՂ տարածքը բաժանված է պատասխանատվության երկու գոտու: Հյուսիսում խնդիրները կատարում է 15-րդ մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակը՝ 11 դիտակետում: Հարավի գոտում և Լաչինի միջանցքում՝ երկրորդ գումարտակը՝ 11 դիտակետում: Ստեփանակերտ քաղաքում գործում է խաղաղապահ ուժերի ղեկավարումն իրականացնող հրամանատարական կետ։
Դիտակետերն ապահովված են կապի բոլոր տեսակներով, այդ թվում՝ փակ, արբանյակային և տեսակապի միջոցներով: Աշխատանք է տարվում կետերը տեսահսկման շարժական համակարգերով համալրելու ուղղությամբ: Այդ համակարգերը թույլ կտան իրականացնել հեռավար վերահսկում ամբողջ շրջագծով, ներառյալ՝ գիշերային ժամերին։ Մուրադովը նաև նշել է, որ իրավիճակի վերահսկման համար շուրջօրյա ռեժիմով կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր: Խաղաղապահ զորակազմը գործող նորմերի համաձայն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով. Մուրադով: