Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրահավաքային պայքարը չեն դադարեցնում: Ազատության հրապարակում հավաքված քաղաքական գործիչների պահանջը շարունակում է մնալ նույնը՝ վարչապետի հրաժարական: Փաշինյանը կառավարության կազմի փոփոխությամբ ոչինչ չի փոխում, իհարկե, պաշտոնից ազատվող նախարարները տապալել են իրենց ոլորտների արդյունավետ կառավարումը, սակայն Արցախյան պատերազմում նախարարները չեն պարտվել՝ հարթակից հայտարարեց դաշնակցական Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյան (ՀՅԴ անդամ) - Պաշտոնյաների փոփոխությունը և Նիկոլ Փաշինյանի այդ քայլերը մեր ուշադրությունը չեն շեղելու մեր գլխավոր պահանջից, որ նա անհապաղ պետք է հեռանա:
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար օրակարգ է բերում կեղծ պնդումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պնդումն է: Ըստ նրա՝ սխալ պատկերացում է, թե հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար։
Արթուր Վանեցյան («Հայրենիք» կուսակցության նախագահ) - Մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի փրկության։ Սա զուտ քաղաքական պայքար չէ, պայքար է մեր ապագայի համար։
Առաջիկա օրերին, երբ կանցնեն այս էյֆորիան ու սուտը, կառերեսվենք դառն իրականության հետ։ Մեզ սպասում են լուրջ խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական, սոցիալական։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը, որը 2,5 տարի ձախողել է բոլոր ուղղություններով, կարողանալո՞ւ է լուծել այդ խնդիրները:
Վանեցյանը նաև նշեց՝ իրենք չեն ասում, թե ստորագրված հայտարարությունը հնարավոր է չեղարկել. պատերազմ վերսկսելու նպատակ էլ չունեն:
Արթուր Վանեցյան - Մենք ասում ենք հետևյալը՝ պարտված, ստորացուցիչ հայտարարություն ստորագրած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում:
Ընդդիմադիրների քննադատություններն ավելի թեժացան օրեր առաջ Ռուսաստանի նախագահի հայտարարությունից հետո: Պուտինն ասել էր՝ հոկտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված միայն, իրեն հաջողվել էր համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Ադրբեջանի պարտադիր պայմանն էր եղել փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առաջարկին չէր համաձայնել։
Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ խոսնակ) - Հոկտեմբերի 20-ից հետո բոլոր տարածքային կորուստների, զոհերի մեղավորը Փաշինյանն է, հրաժարվել է Պուտինի միջնորդական առաջարկությոնից:
Հանրահավաքի ավարտին կազմակերպիչներն ակցիա արեցին՝ աղբամանը նետելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, նրա հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գիրքը և իշխանական պատգամավորների լուսանկարներ: Ապա հրապարակում հնչեց Շուշան Պետրոսյանի կատարումը:
Նոյեմբերի 22-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատերազմի զոհերի հիշատակի արարողություն: Հանրահավաք նախատեսված չէ: