Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է՝ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սատարելու և Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ.
«Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլը, որն իր մեջ ներառում է Էքս-ան-Պրովանս և Մարսել քաղաքները, Ֆրանսիայի ամենամեծ տարածք ունեցող մետրոպոլն է և ունի 1,87 միլիոն բնակչություն։
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994 թ. ի վեր անկայուն հրադադարով սառեցված Լեռնային Ղարաբաղի /Արցախ/ հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով Արցախի ինքնորոշված հանրապետության դեմ: 44 օր տևած մահացու մարտերից հետո՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիր՝ ամրագրելով հակամարտության կողմերի դիրքերը։
Համախմբելով միջազգային հանրային իրավունքով ամրագրված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանություն, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն այսուհետ պետք է համարվի որպես այդպիսին. այսինքն՝ իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը՝ Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:
Այս համատեքստում Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը ցանկանում է վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնադիր նորմերում տեղ գտած ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին ու գաղափարներին։ Արցախի ժողովրդի բացառումն ու մեկուսացումը վնասում են նրա հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ ազատության, հավասարության և համագործակցության ոգուն։
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը ցանկանում է, որ, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ որպես նրա բնակիչների անվտանգությունը երաշխավորելու միակ արդյունավետ միջոց։
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը նման կոչ է անում ֆրանսիական կառավարությանը, ՄԱԿ-ի և ԵՄ երկրներին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն ցանկացած կոնկրետ միջոց՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը։
Սրանք են այն պատճառները, որոնք մեզ մղում են առաջարկել Մետրոպոլի Խորհրդին ընդունել հաջորդիվ բանաձևը.
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի Խորհուրդը
- Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կոչված է նպաստելու Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը,
- Մետրոպոլը իր անվերապահ աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի՝ խաղաղության ու ազատության ձգտող ժողովրդին,
որ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը,
որ ֆրանսիական կառավարությունը ձեռնարկի յուրաքանչյուր կոնկրետ քայլ՝ ժողովուրդների պաշտպանությունն ապահովելու և արդարացի, երկարաժամկետ, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղարար գործընթացին աջակցելու համար՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու տրամաբանական և արդյունավետ փուլ,
որ ՄԱԿ-ի և ԵՄ անդամ բոլոր երկրները լրջորեն հանձն առնեն տևական խաղաղություն փնտրել Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար»։