Հայաստանում է Ռուսաստանի կառավարության պատվիրակությունը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է: Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի վարչապետի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկն ու Ալեքսեյ Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը: Քննարկումների օրակարգը հետպատերազմական է. խոսում են Լեռնային Ղարաբաղ հասնող ուղիղ հումանիտար օգնությունից, Հայաստան-Ռուսաստան էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքներից մինչև կոնորավիրուսի դեմ պայքար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ուզում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը մեր երկրում: Մեզ համար կարևոր է ոչ միայն շարունակել, այլև խորացնել մեր կապերը՝ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին աջակցության համար, որ ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլև կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ՝ բոլորս հատկապես վերջին ամիսներին զգացել ենք Ռուսաստանի աջակցությունը և բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որ մեր երկրների միջև ավանդույթ են: Վստահ եմ` կհասնենք ոչ միայն ընթացիկ, այլև ռազմավարական հարցերի լուծմանը, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Այս առումով ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր ու այսօրվա բանակցություններին պետք է դրանք հստակեցնենք:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ եք քննարկել մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ: Մենք շահագրգռված ենք, որ, ինչպես Դուք նշեցիք, հարգելի՛ Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերություններն այն իրավիճակում, որը ստեղծվել է, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարությունը: Այդպիսով վերջ դրվեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում՝ հումանիտար:
Արյունահեղությունը դադարեցվեց, բայց այժմ դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման մտահոգություններ կան: Հակամարտության գոտում Թուրքիայի ներկայության մասին. Ռուսաստանի գլխավոր դիվանագետը վստահեցնում է, թե ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար: Լեռնային Ղարաբաղից մոտ 90 հազար հայ փախստականների օգնության կարիքների մասին. Լավրովը հայտնում է, որ նաև հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն է ստեղծվում: Վարչապետ Փաշինյանի համար ևս կարևոր է արցախցիների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալը:
Նիկոլ Փաշինյան - Փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որ լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։
Սերգեյ Լավրով - Մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հետ: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել՝ ինչպես օպտիմալ կերպով կազմակերպել նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որ անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել: Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին:
Հայ-ռուսական բարեկամական քննարկումները շարունակվել են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Եթե Ռուսաստանի ջանքերը չլինեին, այսօր կշարունակեինք երիտասարդ կյանքեր կորցնել՝ Բաղրամյան 26-ում հանդիպմանն ասում է նախագահ Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Պատերազմական գործողությունների առաջին օրերին գիտեինք, որ Ռուսաստանի ղեկավարության, անձամբ նախագահի բոլոր ջանքերն ուղղված էին դրանց դադարեցմանը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում: Այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիրներ չդառնան։ Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին: Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին՝ միշտ հնարավոր է գտնել լուծումներ:
Սերգեյ Լավրով - Նախագահ Պուտինը խնդրել է անձամբ Ձեզ փոխանցել իր շնորհակալությունն այն գնահատանքի համար, որ հայտնել եք Դուք և Հայաստանի քաղաքական գործիչների ու հասարակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ կապված նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ։ Ինչպես ասացիք, դա թույլ տվեց կանգնեցնել պատերազմը: Հրադադարն առաջին անգամ, այդքան պայմանավորվածություններից հետո, իսկապես գործում է, քանի որ կա կրակի դադարեցման դիտարկման մեխանիզմ. դա Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունն է, խաղաղապահ գործողությունների իրականացումն է՝ նրանք արդեն կատարում են իրենց գործողությունները՝ ինչպես ապահովելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելով։
Բնակչության հումանիտար հարցերը քննարկել են նաև հայ և ռուս գործընկերները: Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ քննարկումներից հետո արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է: Կարճ՝ 5-րոպեանոց ճեպազրույցում առանց հարցերի Սերգեյ Լավրովն ամփոփում է երևանյան այցը: Վստահեցնում է՝ կզբաղվեն նաև Արցախում մշակութային հուշարձանների պահպանությամբ: Եվ կրկին՝ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ հայտարարության մասին:
Սերգեյ Լավրով - Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող՝ իրավիճակի կարգավորման համար, որը մի քանի շաբաթ առաջ առավել սրվել էր: Միանշանակ ընդգծվել է, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ արտերկրում կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Մեր կողմից հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել: Ե՛վ նախագահը, և՛ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, օգնել է կյանքեր փրկել: Նրանք կնպաստեն այն ամենին, որպեսզի այս պայմանավորվածությունն այսուհետև իրականացվի: Նրանք բարձր են գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը և արդեն գործունեությունը սկսող մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագիրը:
Շտապում է՝ հաջորդ հանդիպումների օրակարգը Բաքվում է: