Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում և Գյումրիում այսօր անցկացվել են անհնազանդության ակցիաներ: Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան՝ կինո-Երևանի մոտ, նաև Գայի պողոտան, Կիևյան կամրջի հարակից հատվածը, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը: Գյումրիում էլ շրջափակվել է մարզպետարանի մուտքն ու ելքը:
Տիգրան Մեծ պողոտան է՝ կեսօրին: Կինո Երևանի մոտ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ փողոց են փակել: Ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության պահանջին: Փողոցը բացվել է միայն հատուկջոկատայինների ու ոստիկանության միջամտությամբ: Ցուցարարների պահանջը մեկն է՝ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա:
Նույն ժամանակ զուգահեռ ակցիա է նաև Գայի պողատա, Կիևյան կամրջի հարակից հատված, Սարյան-Արամի, Բաղրամյան-Պռոշյան փողոցների հատման խաչմերուկում: Անհնազանդության ակցիաները մայրաքաղաքից Գյումրի են հասել: Ակտիվիստները մեքենաներով փակել են Գյումրիի կենտրոնական փողոցները, մարզպետարանի ելումուտը:
Երեկոյան էլ Հանրապետության հրապարակում ակտիվիստները վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթ են կազմակերպել, մասնակիցներ են բերման ենթարկվել: Ոստիկանության վերջին տվյալով՝ Երևանում բերման է ենթարկվել 85, Գյումրիում՝ 8 քաղաքացի: