Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով՝ Մարսելի քաղաքապետը քաղաքային խորհրդին է ներկայացրել հետևյալ զեկույցը.
«Մինչդեռ ամբողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և նրա հայ բնակչության դեմ, որին վերջ դրվեց նոյեմբերի 9-ին կնքված և հայ ժողովրդի մեծամասնության կողմից չընդունվող հրադադարի համաձայնագրով:
Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս հողատարածքը միշտ բնակեցված է եղել հայ ժողովրդով: Հայերի ազատագրման կամքը կոտրելու նպատակով ԽՍՀՄ-ը 1921 թ. հանդես եկավ տարածքը Ադրբեջանին կցելու ցինիկ նախաձեռնությամբ: 1988-ից ԽՍՀՄ-ի խարխլումը մղեց դաշնային հանրապետություններին հռչակելու իրենց անկախությունները:
Հանրաքվեի արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որին դարեր շարունակ նրա բնակիչներն անվանում են Արցախ, հռչակեց իրեն որպես անկախ հանրապետություն: Սրան հաջորդեց այն, որ Ադրբեջանն անխնա պատերազմ սկսեց ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքի դեմ, որից, սակայն, պարտված դուրս եկավ:
Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու գտնել խաղաղ լուծում. ցավոք, ապարդյուն։ 2016-ի, ինչպես նաև 2020 թ. հուլիսի հարձակումներից հետո մենք ականատեսն ենք Ադրբեջանի զինված ուժերի նոր ագրեսիայի, որի թիրախ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը և պատմական ժառանգությունը:
Ապավինելով Էրդողանի կառավարության անսասան աջակցությանը՝ Ադրբեջանը մեզ ստիպում է տեսնել, որ «1915-ի ոգին», որով կազմակերպեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դեռ շարունակում է գործել: Բազում վկայություններ կան միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին. անխտիր թիրախավորվել են ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը՝ լայնորեն գործածելով արգելված զենքեր, ներառյալ կլաստերային զինամթերք: Մենք չենք կարող ընդունել պատերազմական այս հանցագործությունները:
Մեր բարոյական պարտքն է անվերապահ դատապարտել այս ռազմական ագրեսիան, որպեսզի չասենք՝ մենք չգիտեինք, ինչպես անցյալում: Մարդկային և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ Մարսելը միշտ կապված է եղել թե´ Ֆրանսիայի և թե´ ամբողջ աշխարհի հայերի հետ: Բարբարոսության առջև նրանք միշտ կանգնած են եղել իրենց համաքաղաքացիների կողքին:
Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է համախմբվեն Արցախի Հանրապետության ճանաչման համար, որպեսզի վերջապես հաստատվի կայուն խաղաղություն և ապահովվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանությունը:
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վերջերս ստորագրված հրադադարից անդին, մենք Ֆրանսիայի կառավարությանը կոչ ենք անում շարունակել ջանքերը Մինսկի խմբի շրջանակում և գտնել տևական լուծում, որպեսզի Արցախը շարունակի մնալ հայկական:
Սրանք են այն պատճառները, որոնք մղում են մեզ քաղաքային խորհրդին առաջարկել ընդունելու հաջորդիվ բանաձևը:
Համաձայն տարածքային ինքնակառավարման մարմինների մասին օրենսգրքի՝ Մարսելի քաղաքային խորհուրդն ընդունում է.
Մենք հայցում ենք, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը: Այս ճանաչումը կոչված է լինել նրա բնակչության անվտանգության ու տարածաշրջանային կայունության գրավականը և կդառնա խաղաղության վերջնական համապարփակ համաձայնագրի մի մասը, որի երաշխավորներից մեկը կլինի մեր երկիրը»: