Ինքը ժպտում է, որ մայրն էլ ժպտա: Հրանոթի հրամանատարի մտքում միայն հերոսական դրվագներն են՝ տղերքը՝ մեկը մյուսից անպարտելի: Հաղթել են մահին:
Խաչիկ Հովսեփյան - Էդ պահին գիտես, որ առաջ են գալիս, արագ գործդ ես անում, որ առաջ չգան, ու «պռոմխ» չտանք:
Վրիպում չի եղել՝ գրագետ հրամաններին հաջորդել են դիպուկ հարվածները: Դժվար իրադրությունում ելքը գտել են: Հենց այդ ժամանակ վախը թողած տղերքը առաջ են գնացել՝ իրենք էլ թիկունքից են ապահովել առաջխաղացումը:
Հարվածից վիրավորվել, բայց հենակետը չի թողել: Հետ քաշվելու հրամանին չի ենթարկվել, վիրավոր կրակել ու ևս մեկ տանկ մոխիր է դարձրել:
Խաչիկ Հովսեփյան - Ես պուշկի մոտ էի, սպասում էի, որ լիցքավորեին, կրակեի, չհասցրի:
Եվ նորից ժպտում է՝ մեր գործն ենք արել, բոլորն էլ նույնն են մտածել՝ պահել սահմանը, հայրենի տունը:
Հարևան սենյակում Սերգեյն է՝ Մատաղիսի Կայծը: Գիտեր՝ երբ որտեղ լինի, ում ինչ հասցնի: Արնաքամ ոտքով հասցրել է վիրավոր ընկերներին թաքստոց տեղափոխել, նորից բաց դաշտ մտել՝ մյուս ընկերոջը փոխարինել:
Սերգեյ Մովսիսյան - 12 հոգի կանգնած էինք, ու սնարյադը ընկավ 4 մետր էն կողմ, դրանից հետո տեղափոխեցին հիվանդանոց:
Կռվելու ժամանակ պահն է թելադրել դեպքերի հաջորդականությունը: Շատ կցանկանար՝ խոսելու փոխարեն բոլորին տեսնել առաջնագծում՝ գուցե դեպքերն այլ կերպ ընթանային: Մեղավորներ չեն փնտրում, պարզապես տղաների խիղճն է խոսել: Իրենք այնտեղ, այստեղ էլ շրջապատված են մեծ սիրով:
Սերգեյ Մովսիսյան - Բժիշկները շատ հոգատար են, շնորհակալ եմ իրենցից. բժիշկ, բուժքույր, շնորհակալ եմ:
Ինքը լռում, կողքի սենյակն է ցույց տալիս՝ տանկեր խփած հերոսին: Խաչիկը լավ է, ոտքի վրա, մնում է տեսողությունը վերականգնի: Մարտունիում տեսել է անհավատալի սխրանքներ, ոչ մի գրոհ անպատասխան չի մնացել: Խնդիր են ստացել, փայլուն կատարել՝ ոչնչացնել իրենց տեղանքը նկարող հակառակորդի սարքը:
Բայց չէին տեսել՝ անօդաչուն գլխավերևում է: Հարվածից ժայռը պոկվել, իրենց տակն էր թողել: Հրաշքով է դուրս եկել, ձայների օգնությամբ մյուսներին դուրս բերել: Միայն հիշում է, որ աչքերը սևացան:
Խաչիկ Փամբուկյան - Մոբի կազմին ասացի, որ լավ չեմ, մենակ հիշում եմ՝ հարցրել եմ՝ կապրե՞մ, թե՞ կմեռնեմ, ասել են՝ կապրես, դեմքս, որ վառվել էր, գիտեի, որ մի բան էն չի:
Ծանր, ծայրահեղ ծանր վիրավորներ հիվանդանոցում չկան: Սարսափելի օրերն անցյալում են, բայց դասեր պետք է քաղել: Բժիշկները խոստովանում են՝ ապաքինումը արագ է եղել տղաների ամուր կամքի շնորհիվ:
Սևակ Շահբազյան («Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն, վիրաբուժական կլինիկայի ղեկավար) - Ունենք հզոր զինվորներ, հզոր տղաներ, որոնք բժշկին դուխ են տալիս, թե՝ բժիշկ ջան, համարձակ եղիր, լավ,ա լինելու, էն դեպքում, որ մենք պիտի իրենց ասենք:
Ո՛չ թշնամու հարվածները, ո՛չ էլ ներկա վիճակը տղաների նպատակները չեն փոխել: Ուսումը կավարտեն, կվերադառնան աշխատանքի, կամուսնանան:
Սենյակից դուրս առաջին քայլերը՝ հաստատում են. սկսել են քայլել: