Տեղահանված բնակիչների կենցաղային խնդիրները լուծելու նպատակով Ստեփանակերտում աշխատանքներն է շարունակում օպերատիվ շտաբը: Այստեղ հիմնականում այցելում են Հադրութի և Շուշիի շրջաններից:
Օպերատիվ շտաբում գնահատում են տեղահանված արցախցիների կարիքները:
Ընթացիկ հարցերին զուգահեռ փորձում են լուծել բնակարանային խնդիրները: Ազատ բնակարանների սղության պատճառով կառավարությունը հորդորում է վերադառնալուց առաջ կապ հաստատել պատկան մարմինների հետ:
Վյաչեսլավ Գաբրիելյան (Արցախի կառավարության լիազոր ներկայացուցիչ) - Եթե ունեն բարեկամներ կամ հարազատներ, կարող են գալ Ստեփանակերտ քաղաքում բնակվել այդ բնակարաններում ու օգտվել այն բոլոր իրավունքներից, որ տալիս է կառավարությունը: Այսինքն՝ դեկտեմբերի 1-ից հունվարի 1-ը նրանք պետք է մեկ շնչի հաշվով ստանան 300 հազար դրամ, 68 հազար դրամ՝ գումարած 15 հազար դրամ:
Պատերազմի հետևանքով առանց տան մնացած քաղաքացիները շարունակում են հագուստ և սնունդ ստանալ:
Աշխատանքի, սոցիալական հարցերի և բնակարանային հարցերի նախարարության մասնագետը ցուցակագրում է շահառուներին, որ պահեստներից ստանան անհրաժեշտ հագուստն ու սնունդը:
Նորայր Գաբրիելյան (Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և բնակարանային հարցերի նախարարության ներկայացուցիչ) - Տեղաշորեր, մանկական, տղամարդու, կանացի... Բոլոր հագուստները կան: Նրանք տրամադրում են:
Հայրենադարձ արցախցիների մի մասն առայժմ ապրում է հյուրանոցներում: Կարգի համաձայն՝ տեղահանվածները կարող են տուն վարձել և վարձավճարն ընթացակարգով ստանալ կառավարությունից: