Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են հստակ և համակարգված, ասել է Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ: ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի զինված ուժերն արդյունավետորեն վերահսկում են կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանումը, «իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է»:
«Բացի դրանից՝ խաղաղապահներն ուղեկցում են փախստականներին, կարգի բերում բնակելի շենքերը, ճանապարհներն ու սոցիալական օբյեկտները, ապահովում հումանիտար բեռներով ավտոշարասյուների անվտանգությունը»,- ավելացրել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը կոչ է արել խաղաղապահներին՝ նորմալ հարաբերություններ հաստատել հայերի և ադրբեջանցիների հետ, որպեսզի կանխվեն կենցաղային հարցերով կոնֆլիկտները:
Պուտինը հույս է հայտնել, որ Ղարաբաղի հարցով առաջիկա խորհրդակցությունները կօգնեն հետագա առաջընթացի կարգավորման հարցում:
ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ պայմանավորվել է առաջիկայում երկու երկրներ ուղարկել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակություն, որի խնդիրն է քննարկել նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման արդիական, ամենահրատապ խնդիրները: