Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին հաջող ելույթներ է ունենում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի 17-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում է 22 երկրի 175 ներկայացուցիչ (113 մարզիկ, 62 մարզուհի)։ ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի, մարզիչներ Հարություն Նազարյանի ու Գարիկ Բաղդասարյանի ղեկավարությամբ Հայաստանը ներկայացնում են 11 մարզիկներ, որոնցից 5-ը ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
56 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել է խորվաթ Դենի Ալագիչին, իսկ կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում նույն հաշվով առավելության է հասել լատվիացի Մաթվեյ Պրոկուդինսի նկատմամբ՝ այսպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Արթուր Սահակյանը (60 կգ) և Հովհաննես Փափազյանը (91 կգ) պայքարը սկսել են 1/4 եզրափակչից և միևնույն՝ 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարել, համապատասխանաբար, Մոլդովայի ներկայացուցիչ Ստեֆան Վոզնեակովսկու և ալբանացի Արբի Հաքշիուի նկատմամբ՝ մեր ընտրանու համար ապահովելով հերթական մեդալները։
Աղջիկների մրցաշարում մեդալների համար պայքարը շարունակում են 48 կգ քաշային Գայանե Տեր-Աբրահամյանը և 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։ Գայանե Տեր-Աբրահամյանը քառորդ եզրափակչում նոկաուտի է ենթարկել ուկրաինուհի Յուլյա Պելեշուկին, իսկ եզրափակչի ուղեգրի համար Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սանը պայքարելու է Իսպանիայի ներկայացուցիչ Կարմեն Օրտեգա Գոնսալեսի հետ։ Էլիդա Քոչարյանը ևս պայքարը սկսել է քառորդ եզրափակչից՝ 5։0 հաշվով հաղթելով Պատրիսիա Ամաթ Սոլերին։ Կիսաեզրափակչում Էլիդայի մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ազալիա Ամինևան։ Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը կայանալու են նոյեմբերի 20-ին և 21-ին, իսկ եզրափակիչները՝ նոյեմբերի 22-ին։ Առաջնությանը մասնակցել են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Ռուբեն Գարբոյանը (52 կգ), Վաղինակ Գալուստյանը (64 կգ), Նարեկ Զախարյանը (69 կգ), Հենրիկ Ծղրիկյանը (91 կգ), Ասրինե Ծատուրյանը (51 կգ)։