Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայցով եղավ «Սևան» ազգային պարկում», «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
«Սևան» ազգային պարկում» նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։
Քննարկվեցին սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք կազմակերպչական ու ընթացիկ հարցեր։
Նախարարը «Սևան» ազգային պարկի» ղեկավար անձնակազմին հստակ հանձնարարականներ տվեց հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։ Նախարարը վստահեցրեց, որ հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում։
Այս կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման մասով արձանագրել տեսանելի առաջընթաց։
Հաջորդիվ նախարարն այցելեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր, աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի հետ, ապա ստուգայցեր կատարեց նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության և տնօրինման ներքո գտնվող օրինական հատատեղիներ։
Քննարկվեցին հնարավոր անօրինական անտառհատումների և փայտանյութի տեղափոխման, ՀՀ ՊՆ կարիքների բավարարման համար նախատեսված փայտանյութի, ինչպես նաև անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկ վառելափայտով ապահովելու նպատակով օրենքով սահմաված կարգով հատումների ընթացակարգերը։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք է արվի ամեն հնարավորը, որպեսզի ջեռուցման սեզոնին անտառամերձ բնակավայրերի բնակիչներն ապահովված լինեն թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակներով։
ՇՄ նախարարության համապատասխան ստորաբաժանումները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ գործընթացն անխափան կազմակերպելու համար։