Նոյեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:
Նախարար Մայիլյանը շնորհավորել է իր գործընկերոջը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունն ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԱԳՆ-ների միջև սերտ համագործակցության կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են արցախահայության կենսական շահերի անշեղ պաշտպանության կարևորությունը, այդ թվում՝ իր պատմական բնօրրանում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի իրականացման միջոցով: