Գործադիրի ղեկավարը կաբինետի մեծ մասի փոփոխություն խոստացավ իր հրաժարականի պահանջով ցույցերին զուգահեռ: Նիկոլ Փաշինյանը հրապարակեց նաև իրավիճակից դուրս գալու և երկրում կայունություն հաստատելուն միտված ճանապարհային քարտեզ: Իշխող ուժից հիմա էլ պնդում Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան - Այո՛, մարդիկ կան, որ պահանջում են, բայց ինչո՞ւ չեք ասում՝ այդ մարդիկ որ չափն են: Այդ մարդիկ չեն ներկայացնում ամբողջ հանրության դեմքը: Հրաժարական պահանջելը որոշում է ժողովուրդը:
Արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարներն ազատման դիմումներ էին ներկայացրել օրեր առաջ: Գործադիրի նոր անդամներն արդեն նշանակվել են: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» կարծում են՝ ամեն դեպքում հեռացողը պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության կազմի փոփոխությունը միևնույն է հանրության շրջանում դրական հույսեր չի արթնացնի:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան - Էն մյուս նախարարներին էլ էր ինքը նշանակել: Իր ղեկավարությամբ են աշխատել և դրա արդյունքը տեսանք, որը շատ ցավոտ էր մեզ համար: Իրենք իրենց համար որոշում են կայացնում:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը համաձայն չէ, որ հետպատերազմյան իրավիճակից դուրս գալու համար նախարարների փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Երկրին նոր տեսլական է պետք:
Գևորգ Գորգիսյան - Բացառում եմ, որ այս փոփոխությունները դրական բանի կբերեն, որովհետև այդ ամենի գլխին շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրները հանրահավաքային պայքարը չեն դադարեցնում: