Ընդդիմադիր կուսակցությունների՝ նոյեմբերի 10-ից մեկնարկած հանրահավաքները մի քանի օր չեն կայանա: Այս մասին կազմակերպիչները հայտարարեցին երեկ երեկոյան՝ վերջին հանրահավաքի ժամանակ: Վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, սակայն, մայրաքաղաքում շարունակվում են:
Բողոքի ակցիայի մասնակիցները օրվա տարբեր ժամերի մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ էին փակում: Մինչ ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի պահանջն էին ներկայացնում, քաղաքացիների մի մասը պահանջում էր բացել ճանապարհները:
Ամիրյան-Մաշտոց խաչմերուկ, Մյասնիկյան պողոտա երթևեկությունը որոշ ժամանակով խաթարված էր: Ոստիկանությունը ցուցարարներին հիշեցնում էր՝ ռազմական դրության ժամանակ ակցիաներն արգելված են:
Բանակցությունները չօգնեցին, ոստիկանությունը երթևեկն ազատելու միջոց ձեռնարկեց:
Մարդիկ բողոքի ակցիա էին նախապատրաստում նաև Մյասնիկյան պողոտայում: Այստեղ հավաքվածները ևս որոշել էին փակել ճանապարհը: Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց, այնուհետև նորից փակվեց:
Մինչև ոստիկանության ժամանելը, ճանապարհը նորից բացվեց: Կարճ ժամանակով փակ է եղել նաև Ծովակալ Իսակով պողոտան: Կան երկու տասնյակից ավելի բերման ենթարկվածներ: