Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճ հանդիպումն իր աջակիցների հետ նպաստեց իրավիճակի կայունացմանը, ոչ թե հակառակը: Արձագանքելով երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի քննադատներին՝ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը: Փաշինյանին աջակցելու նպատակով կառավարության մոտ էին հավաքվել նաև զինվորականներ:
Մինչ այդ թե՛ «Իմ քայլը» խմբակցությունը, թե՛ կառավարության աշխատակազմի ղեկավարը, թե՛ վարչապետի մամուլի խոսնակը հորդորել էին ռազմական դրության պայմաններում որևէ հավաք չկազմակերպել:
Լենա Նազարյան (ԱԺ փոխնախագահ)- Սա խոսում է այն մասին, որ վարչապետն էլ ունի աջակիցներ, թեև Ազատության հրապարակում հավաքվածները հակառակն են պնդում: Ես նաև կուզեի ասել, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ավելի շատ կայունացնող գործոն ունի, քան հակառակը: Դուք տեսաք՝ մոտեցավ այդ մարդկանց և հորդորեց գնալ տուն:
Չնայած ռազմական դրության պայմաններում հանրահավաքներ անցկացնելու արգելքին՝ փողոցային պայքար են սկսել նաև ընդդիմադիրները․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Փաշինյանի հրաժարականն են պահանջում: Իշխանությունից շեշտում են՝ Փաշինյանի աջակիցների ինքնաբուխ հավաքը նաև ուղերձ է՝ իշխանությունը հանրային վստահության խնդիր չունի:
Ըստ Աժ փոխնախագահի՝ այս փուլում պետք է ջանք ու եռանդ չխնայել վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
Լենա Նազարյան- Չեմ պատկերացնում՝ ոնց կարելի է այդ հարցերը մի կողմ թողնել և, 17 կամ 15 անհամաձայնների շնորհիվ, մաշել մարդկանց նյարդերը:
Վարչապետը Փաշինյանը երեկ անելիքների ճանապարհային քարտեզ հրապարակեց՝ ընդգծելով, որ 2021 թվականի հունիսին հանդես է գալու նախատեսված ծրագրերի իրականացման հաշվետվությամբ: