ՀՀ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ ՀՀ վարչապետի նախօրեին հրապարակած «ճանապարհային քարտեզի» ութերորդ կետը, որը վերաբերում է ԶՈՒ բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին, պաշտպանական գերատեսչությունը, որը թերևս ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին:
«Ես կարծում եմ՝ մենք պետք է հետամուտ լինենք, որպես ԱԺ, որպեսզի համապատասխան հետևություններ արվեն տեղի ունեցածի վերաբերյալ, պաշտպանական գերատեսչությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, Անվտանգության խորհուրդը և այլ գերատեսչություններ պիտի ժամ առաջ այդ խիզախությունը ունենան՝ լքեն իրենց պաշտոնը, որպեսզի նոր, առողջ, պրոֆեսիոնալ և մեր պետականության ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքին: Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքով»,- հայտարարեց Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ նախօրեին Մարտակերտի 5 գյուղերի բնակիչների ասել են, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը, որովհետև պատասխան չկա:
Նա կոչ արեց իշխող խմբակցության պատգամավորներին «թափ տալ իրենց»:
Բաբաջանյանին պատասխանեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Մարտակերտի գյուղերի մասով կարելի էր քարտեզը նայել և տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնք վերջին վարչատարածքային բաժանումով ԱՀ-ն ներառել էր Արցախի Մարտակերտի շրջանի մեջ: Ինչ վերաբերում է որակավորումներին, կխնդրեմ, որպեսզի մնաք ավելի էթիկայի կանոնների շրջանակում և մեղադրանքներ հնչեցնելուց հստակ, եթե իրավաբանական այդքան գիտելիքներ չունեք, ես ձեզ խոստանում եմ օժանդակել, հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք իրավապահ մարմիններին կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելուց առաջ՝ մաֆիոզ, կլանային և այլն: Ամպագոռգոռ բառեր հնչեցնելը... »,- ասաց Բալայանը, որին դահլիճից արձագանքեց Բաբաջանյանը:
Վիճաբանությանը միջամտեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ հորդորելով անկախ պատգամավորին տեղից չարձագանքել:
Բալայանը դիմեց Նազարյանին՝ խնդրելով «կարգի հրավիրել» Բաբաջանյանին:
Չափերդ ճանաչի՝ դարձյալ դահլիճից արձագանքեց Բաբաջանյանը:
«Իմ՝ չափը ճանաչելու հետ կապված, կարծում եմ, այստեղ պետք չի դրա մասին խոսել: Դուք ձեր չափը ճանաչեք: Եթե ես սկսեմ ձեր նկրտումների մասին խոսել...»,- ասաց Բալայանը, որին տեղից դարձյալ հակադարձեց անկախ պատգամավորը:
Դահլիճում իրավիճակը թեժացավ, Բալայանը զսպվածության կոչ արեց և հեռացավ ամբիոնից: