Զորայր Ստեփանյանը Ստեփանակերտից չէ, երեկ նա չի գրանցվել Արցախ մեկնելու համար։ Գիշերը քնել է, արթնացել ու մտափոխվել․ հենց առաջին ավտոբուսով վերադառնում է։ Շուշիի բնակիչ Զորայրը խնդրում է իրեն այսօր ատահերթ գրանցել, որ ինքն էլ մեկնի Ստեփանակերտ։
Զորայր Բարսեղյան- Սիրտս ձգում է, Շուշիում հողին հանձնած ծնողներ ունեմ, ուզում են արագ վերադառնալ։
Վերջին անգամ Շուշիում եղել է նոյեմբերի 5-ին, հիմա իր տուն վերադառնալ չի կարող, գնում է Ստեփանակերտ։ Մինչև ձյունը դնի, կհասցնի տան խնդիր լուծել ու ընտանիքին տանել Ստեփանակերտ։
Ալեքսեյ Հարությունյանն էլ է վերադառնում։ Օրեր շարունակ ապրելով Գյումրու գիշերօթիկ դպրոցում՝ մի տեսակ ընտալացել է հյուրընկալ կողմի ու արցախցի մյուս հարևանների հետ, բայց հետ գնալ է պետք, ասում է։
Ալեքսեյ Հարությունյան- Տղաս պոստերում է եղել, արդեն կրակոցներ-բան չկա։ Այդ հույսով վերադառնում ենք:
Ընտանիքի մյուս անդամները՝ կինը, հարսն ու թոռները Երևանում են, տեղավորվել են հյուրանոցներից մեկում։ Գնում է որդու հետ տուն, որ ընտանիքը վերադառնա։
Ալեքսեյ Հարությունյան- Ինչքան կարելի է մնալ այստեղ՝ հյուրի վիճակում, պետք է վերադառնալ, մենակ եմ գնում, ընտանիքս Երևանի հանրակացարանում է, պատուհաններն են փշրված, վառարան-բան դնեմ, գան:
Ստեփանակերտում տները բոլորին կբավարարեն, ասում է Ալեքսեյ Հարությունյանը․ հույս ունի, որ բազմաբնակարան այն շենքերը, որ կառուցվել էին պատերազմից առաջ վաճառքի համար, պետությունը կհատկացնի անօթևաններին։ Պետք է օր առաջ վերադառնալ Արցախ՝ կարծում է նաև երիտասարդ այս աղջիկը՝ Անգելինան։ Նա շտապում է Ստեփանակերտ, քանի որ արդեն բացվել են աշխատատեղերը։
Անգելինա Սայան- Ստեփանակերտից ենք, հետ գնում ենք մեր տուն, պետք է հետ գնանք, չթողնենք մեր տները:
Ահա և Արցախ մեկնող ավտոբուսը ժամանում է, ստեփանակերտցիները հրաժեշտ են տալիս տանտեր գյումրեցիներին ու արդեն հարազատ դարձած 40-օրյա հարևաններին, խոստանում են վերադառնալ Գյումրի՝ արդեն որպես զբոսաշրջիկ, իսկ հիմա գնում են շենացնելու Արցախը։