Սահմանում վիրավորված զինծառայողներին, կամավորներին բժիշկները փորձում են աստիճանաբար ոտքի կանգնեցնել։ Նրանց մի մասին արդեն տուն են ճանապարհել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ առողջապահության նախարարի ուղեկցությամբ, այսօր այցելել է երևանյան երկու կլինիկիա՝ «Իզմիրլյան» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ, որտեղ վնասվածքներ ստացած մեր հայրենիքի պաշտպաններն են: Փոխվարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել ամբողջ բուժանձնակազմին ու նախարարին՝ պատերազմի ու Քովիդի այս ծանր օրերին իրենց մասնագիտական պարտքն անմնացորդ կատարելու համար:
Բեկորները մարմնից բժիշկներն են հանել, արդեն ժպտում է: «Իզմիրլյան»-ի գրեթե բոլոր հիվանդասենյակներում մահվանը հաղթած զինվորներ են: Արկադին այսօր տուն կգնա: Քիչ այն կողմ վարդենիսցի Վարդանն է՝ ձեռքը կոտրված, ոտքը փշրված: Ընկերոջ հետ տանկի արկից են վիրավորվել: Պայմանագրային զինծառայողը կքայլի՝ փոխվարչապետին ու առողջապահության նախարարին զեկուցում է բուժող բժիշկը:
Երիտասարդը մահճակալին է արդեն 40 օր: Տղաներից շատերի համար բուժման կուրսը մարտի դաշտին հավասար խիզախություն է պահանջելու՝ չի թաքցնում վնասվածքաբանը:
Ոսկրային կոտրվածքներին զուգահեռ՝ վիրավորների մոտ շատ են նաև ԱԹՍ-ների հարվածներից առաջացած մաշկի, հյուսվածքների խոր վերքերը: Այնպես որ, ըստ նախարար Թորոսյանի, բժիշկները շատ դեպքերում ստիպված են լինում նաև պլաստիկ միջամտություններ կատարել:
Հիվանդասենյակ առ հիվանդասենյակ Տիգրան Ավինյանը ծանոթացավ տղաների սխրանքի, վիրավորվելու ու առողջացման պատմությանը: Ձեռքի ու ոտքի երկուական վիրահատության է ենթարկվել, երկրորդ կյանքն սկսել Խնձորեսկ, Գորիս, Մուրացան հոսպիտալներից՝ պատմում է հրետանուց վիրավորված Ստեփանը: Գլխավերևում խաչն է, կողքին՝ ծանր իր օրերը կիսող, խնամող կինը:
Քանի՞ վիրավոր ունեն՝ «Իզմիրլյան»-ի ղեկավարը չհրապարակեց: Հիվանդանոցն ամբողջությամբ, մահճակալների մոտ 20 տոկոս ավելացմամբ տրամադրել էին բանակի կարիքներին: Բուժանձնակազմից 60 մասնագետ գործուղվել էր Մարտունի-Գորիս հոսպիտալներ: Դեղորայքով ապահովված են՝ վիրավորներին խնամող ծնողներն են փաստում:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորներ չունեն՝ փոխվարչապետ Ավինյանին վստահեցրին նաև «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում: Այստեղ նույնպես ձեռք-ոտքի կոտրվածքներով, պարանոցի, դեմքի տարբեր վնասվածքներով, ընդհուպ՝ «Բայրաքթար»-ի հարվածից ապաքինվող տղաներ են: Սկզբում նրանց նաև հոգեբանական վիճակն էր շատ ծանր՝ խոստովանում է բուժանձնակազմը:
Արագ ոտքի կանգնեցրեք բոլորին՝ հնչեց հրաժեշտի խնդրանքը բժիշկներին: