Լիլիթ Սուջյան (Ադրբեջանում գերեվարված Գևորգ Սուջյանի կինը) - Էս մեքենայով ա եղել, մեր կազմակերպության լոգոն՝ մեքենայի վրա կպցրած:
Նոյեմբերի 11-ից ո՛չ ավտոմեքենան կա, ո՛չ երկու ընկերները: Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը Գորիս-Բերձոր ճանապարհով հումանիտար բեռ էին տանում Ստեփանակերտ՝ մտածելով, որ զինադադարի համաձայնությունից հետո այդ ճանապարհով անվտանգ կհասնեն Արցախ:
Լիլիթ Սուջյան - Շատ խիզախ էր, կասկած չեմ ունեցել, որ ինչ-որ տեղ կընկնի ու դուրս չի գա: Սա իրենից վեր ա եղել, որ չի կարողացել:
Ադրբեջանի տարածած տեսանյութը հաստատել է ամուսնու գերեվարման մասին Լիլիթի կասկածները: Պատերազմի առաջին օրից Գևորգն ամեն օր հումանիտար բեռ է տարել, կրակի տակից մի քանի անգամ հրաշքով փրկվել, բայց նահանջի մասին չի մտածել:
Լիլիթ Սուջյան - Ես, ասում էր, կմեռնեմ հայրենիքի սիրու ցավից: Չէր դիմանում, կգնամ, ինչ կախված է՝ տղաներին հասցնեմ ու գնալու եմ: Անընդհատ լուրերն էր նայում, ասում էր՝ էս ինչ են անում սիրուն քաղաքները։
Լիլիթ Սուջյանը դիմել է համապատասխան կառույցներին, դեռ նորություն չկա: Գերեվարված քաղաքացիական անձանց գործը ներկայացվել է Եվրադատարան: Եռակողմ փաստաթուղթն ամրագրում է գերիների փոխանակման հարցը, բայց ժամկետներ չի նախատեսում: Փաստն Ադրբեջանը դիտարկում է լրացուցիչ լծակ՝ ներազդելու հայկական կողմի վրա:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ) - Ութ անձի մասին է խոսքը, բոլորը խաղաղ բնակիչներ էին, որոնք ելումուտ էին անում, տեղահանման խնդիրներ կազմակերպեին: Գտնվում են ադրբեջանական հսկողության ներքո, և ակնկալիք կա, որ մեծ փոխանակման շրջանակում կվերադարձվեն:
ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների թիվը հասնում է մոտ 4 տասնյակի, քաղաքացիական անձինք, ըստ ամենայնի, 20-ն են:
Սիրանուշ Սահակյան - Եվս երկու տասնյակ բացահայտում են գերեվարման հատկանիշներ, բայց դեռ դրանք մեզ համար հաստատված չեն, փորձում ենք ստուգողական աշխատանքի միջոցով կա՛մ հաստատել գերեվարումը, կա՛մ հերքել:
Սիրանուշ Սահակյանն ասում է՝ իրենք Եվրադատարան են ներկայացրել 25 զինծառայողի գործեր: Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո խնդիրը, որ դատարանը կարծես լուծում է, գործն իր հսկողության տակ պահելով՝ անձանց կյանքի անվտանգության երաշխիքն է:
Սիրանուշ Սահակյան - Մեկ երևույթ կա, որ նախ՝ չեն հերքել առնվազն մեր կողմից ներկայացվող գործերով որևէ անձի գերի, ռազմագերի չլինելու հանգամանքը, մեծ վստահությամբ պնդումներ են ներկայացրել Եվրադատարանին, որ ռազմագերիների վարվելակերպի կանոնները Ադրբեջանը պահպանում է:
Որքան դեպքերն արագ հաստատվեն, այդքան կկանխվեն նրանց կյանքի հանդեպ ոտնձգությունները, այդ անձինք կգտնվեն միջազգային հսկողության ներքո: Գերիների, ռազմագերիների վերադարձից հետո գործընթացը միջազգային ատյաններում կշարունակվի: Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները վկայող կան տեսանյութեր:
Լիլիթ Սուջյան - Ասել եմ՝ ավտոն փչացել է։
Լիլիթն 9-ամյա տղային չի ասել, որ հայրը գերեվարված է: Վստահ է՝ զինվորի թիկունքն ամուր պահած ընկերներն ուժեղ են, կվերադառնան: