Խորհրդարանն արտահերթ նիստում՝ 71 կողմ ձայնով, նաև պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի գրավոր քվեարկությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգման և հետվճարման փոփոխված ժամանակացույց նամակ-համաձայնագիրը» վավերացնելու ՀՀ օրենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացմամբ հնարավորություն կտրվի ավելացնել արտահանումների ծավալները և ունենալ ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկակական ռեժիմներ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ ձայնով։
Հիշեցնենք, որ նախագծով պայմանագրային զինծառայողների, պահեստազորի զինվորականների, մոբիլիզացիոն ռեսուրսի՝ մարտական գործողությունների, առհասարակ զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն՝ ինքնակամ չի լքել դիրքը կամ զորամասը, նրանց ընտանիքներն այդ ողջ ընթացքում կշարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին։ Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ։
ԱԺ-ում հայտարարվեց երեք ժամ ընդմիջում։ Գերեվարված զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի մասին նախագիծը կքննարկվի և կքվեարկվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։