ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը։ Շինարարների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Այնուհետև տնօրենը ներկայացրել է թատրոնում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնց շրջանակներում վերանորոգվում են հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները:
Հիմնովին վերանորոգվում են նաև ծառայողական անձնակազմին սպասարկող չորս սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ:
Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: Թատրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ աշխատանքները կավարտվեն 2021 թվականի փետրվարին: Նախարարի այցի ընթացքում քննարկվել են նաև թատրոնի 100-ամյակին նվիրված մի շարք հարցեր: