Ընդդիմությունը շատ գործիքակազմ ունի, ինչքան էլ իշխանությունը փորձի տապալել մեր նախաձեռնությունները: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք ինչ էլ անենք, անելու ենք ՀՀ օրենքների և Սահմանադրության շրջանակում և թույլ չենք տալու իշխանությանը որևէ օրենք կիրառի մեր նկատմամբ»,- ասաց նա: Մարուքյանն այս պահին նպատակահարմար չի համարում փողոցային կամ հանրահավաքային պայքարը՝ նշելով, որ գործող ռազմական դրությամբ մի շարք սահմանափակումներ են մտցված:
Մարուքյանը վերահաստատում է՝ այս փաստաթուղթը ստորագրած վարչապետը չի կարող ապագայում դրականը քաղել Հայաստանի համար:
Անդրադառնալով հարցին՝ ո՞վ է ստեղծված իրավիճակի մեղավորը, ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք առաջարկել են պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի նախապատերազմյան իրադարձությունները, պատերազմի ընթացքը և պատերազմից հետո ստորագրած հայտարարությունը: Այդ ժամանակ էլ, ըստ նրա, կտեսնեն՝ ինչ եղավ, ով էր մեղավոր:
Մարուքյանը նշեց, որ ստորագրված փաստաթուղթն ուսումնասիրում են Սահմանադրության համատեքստում, այն տարածքային ամբողջականության մասին է:
«Այսինքն՝ ճանապարհ ենք տալիս իրենց, այն դեպքում, երբ ճանապարհները ապաշրջափակվում են: Ինչի՞ ենք Մեղրիի կարիդորը տալիս, եթե ճանապարհները բացվում են, ո՞վ է սարքում ճանապարհը, ո՞վ է հսկում, այդ ճանապարհը միայն իրե՞նք են օգտագործում, թե՞ միասին ենք օգտագործում...»,- ասաց նա: