Եվրամիությունը լրացուցիչ 3 մլն եվրո օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած քաղաքացիներին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Եվրամիությունը հոկտեմբերին ռազմական գործողությունների սկզբից 900 հազար եվրո գումար էր տրամադրել:
«ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը: Մենք լրացուցիչ մարդասիրական օգնություն ենք տրամադրում: Ես ողջունում եմ ռազմական գործողությունների դադարեցումը, որը պետք է կանխի հետագա մարդկային տառապանքները։ Այնուամենայնիվ, ես խիստ մտահոգված եմ խոցելի մարդկանց հումանիտար իրավիճակով, որոնք տեղահանվել են և ստիպված կլինեն դիմակայել բարդ ձմեռային պայմաններին` կորոնավիրուսի համավարակի հետևանքների հետ մեկտեղ»,- հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը: