Խորհրդարանում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հայրապետյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ գերության մեջ հայտնվելու դեպքում զինծառայողը ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ, իսկ նույն օրենքի մեկ այլ հոդվածով սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է պաշտոնային դրույքաչափը՝ մնալով կադրային ստորաբաժանման մեջ։
«Ցավոք, 61-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի՝ զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը»,- ասաց Հայրապետյանը։
Պատգամավորի խոսքով՝ նախագծով պայմանագրային զինծառայողների, պահեստազորի զինվորականների, մոբիլիզացիոն ռեսուրսի՝ մարտական գործողությունների, առհասարակ զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն՝ ինքնակամ չի լքել դիրքը կամ զորամասը, նրանց ընտանիքներն այդ ողջ ընթացքում կշարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին։
Հայրապետյանը շեշտեց, որ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ։