Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ ձեռնարկած միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ ձեռնարկած միջոցների համար»:
Փաստաթղթում բարձր է գնահատվում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների և անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերը ռազմական գործողությունները դադարեցնելու, հրադադարի ռեժիմը վերականգնելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ:
«Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել անձամբ Ձեզ` Ադրբեջանին փոխանցված տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության՝ հնագույն վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կաթողիկոսը մասնավորապես, նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել հայտնի հայկական Դադիվանքի ծառայությունը:
«Մեր ժողովուրդը մշտապես կհիշի Արցախի հողում արյունահեղությունը դադարեցնելու գործում Ռուսաստանի կարևոր դերակատարումը և կաղոթի հայ-ռուսական դարավոր բարեկամության կայունության համար»,- շեշտել է Գարեգին Երկրորդը:
«Լուրերի» հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետը նման բովանդակությամբ նամակ է ուղղել ՌԴ նախագահին: