Պաշտպանության նախարարի հրամանը կա. ես ազատված եմ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից, սակայն հրամանը չի համապատասխանում իմ զեկուցագրին: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ նախարարին խնդրել է փոխել հրամանը:
Նա նշեց, որ բանակից զորացրվելու որոշումը կայացրել է դեռ հոկտեմբերի 5-ին, սակայն զեկուցագիր չի գրել պատերազմական իրավիճակի պատճառով, որ իր որոշումը կարող է վնասել զինված ուժերին: «Շարունակել եմ պատերազմի ընթացքում աջակցել բանակին՝ իմ խորհուրդներով, միջնորդավորված նաև երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Որոշումս վերջնական կայացրել եմ վարչապետի գիշերվա գրառումից հետո՝ ուղղված կռվող տղաներին»,- ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով պատերազմի ելքին՝ Մ.Հակոբյանը նշեց, որ պարտությունը կործանում չէ, այլ նոր հաղթանակ կերտելու հնարավորություն: Նրա խոսքով՝ պարտության հիմնական պատճառը պատերազմի ղեկավարումն է՝ սկսած ԶՈՒ-ն խաղաղ վիճակից պատերազմականին բերելուց: Հակոբյանի խոսքով՝ բանակը համալրվել է միայն կամավորականներով, որոնց մի մասը պատերազմի առաջին իսկ օրերին փախուստի է դիմել: