Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ՝ գրում է
RT-ն:
«Նախ՝ չեմ կարծում, որ այն (Ղարաբաղի հարցը) լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության, քանի որ երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը հայտնի էր և մինչև նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրումը, վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս քննարկվել էր ինչպես նախագահների, արտգործնախարարների, այնպես էլ համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը նաև ընդգծել է արևմտյան երկրների ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա:
«Եվ անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում մեր արևմտյան գործընկերներին, նրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա ակնհայտ է։ Հետևաբար, նրանք կարևոր քաղաքական դերակատարում են ունեցել պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում, որն ի վերջո կյանքի կոչվեց անձամբ Վլադիմիր Պուտինի տիտանական ջանքերի շնորհիվ,- ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, Լավրովը ափսոսանք է հայտնել, որ չնայած իր սերտ համագործակցությանը «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ, ինչպես նաև նախագահներ Մակրոնի և Պուտինի՝ վերջին օրերին ԼՂ հիմնահարցի շուրջ շփումներին, այնուամենայնիվ, նկատվում է արևմտյան գործընկերների նեղացած կեցվածքը, ինչը, Լավրովի խոսքով՝ ցավալի է:
Մի իրավիճակում, երբ ամեն վայրկյան վտանգի տակ էին մարդկային կյանքեր, զանգահարել Վաշինգտոն, Փարիզ՝ համաձայնության գալու համար, թե արդյոք նրանք կաջակցե՞ն փաստաթղթի այս կամ այն ձևակերպումներին... Դե, գիտեք, նման պնդումներ ներկայացնելը, կարծում եմ, պարզապես սխալ է և կոռեկտ չէ բարոյականության տեսանկյունից»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դեռ շատ հարցեր ունեն տալու Ռուսաստանին ԼՂ հակամարտության կարգավորման համաձայնագրի, այդ թվում՝ Թուրքիայի դերակատարման վերաբերյալ:
Լավրովը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասել է, որ տարօրինակ է նման բան լսել, քանի որ ամերիկացի գործընկերները «տեղեկացված էին պետքարտուղարի տեղակալի մակարդակով»: