«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանեց հարցին՝ ինչու պատերազմի ընթացքում Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը կամ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք չկնքեց:
«Այդ հարցն ԱԺ օրակարգում է եղել: Կարող էր լինել երկու մոտեցում՝ ճանաչեինք այն, ինչ մնացել էր, կամ սպասեինք բեկման և երբ ուժեղ լինեինք, այդ ժամանակ ճանաչեինք: Եթե ճանաչած լինեինք, փաստացի ճանաչելու էինք այն, ինչ հիմա մնացել է»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախը, քանի որ Արցախին միջպետական վարկ է տրամադրվում։
«Եթե չենք ճանաչել, ինչպե՞ս ենք միջպետական վարկ տրամադրում Արցախին։ Ուրիշ որևէ պետություն չի կարող միջպետական վարկ տրամադրել։ Ես չգիտեմ, թե ինչքանով Արցախի դե յուրե ճանաչումը կազդեր մարտական գործողությունների կամ Արցախի հետագա ճանաչման գործընթացի վրա։ Ես չունեմ այդ հարցի պատասխանները։ Դա իր մեջ հավասարաչափ և՛ ռիսկեր կարող էր ունենալ, և՛ կարող էր օգտակար լինել։ Պետք է հիշենք էլի ռազմաճակատի իրավիճակը։ Ճանաչես նահանջի պահի՞ն, թե՞ ճանաչես հակահարձակման պահին․ այս դիլեման էր»,- ասաց Եղոյանը։
ԱԺ պատգամավորը չբացառեց, որ հնարավոր է այս փուլում խորհրդարան բերվի Արցախի ճանաչման հարցը։ Նշեց, որ եթե քննարկումներ էլ չկան այդ առումով, ապա կծավալվեն։