Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում են Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել համաշխարհային ժառանգության ցանկում`դրանց հետագա պահպանման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո էլ կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալիզմի ենթարկվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում ենք օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները հուշարձանները փրկելու համար՝ դրանց անհրաժեշտ կարգավիճակ տալով և ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասված է բաց նամակում:
Մշակույթի գործիչները մտահոգություն են հայտնել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կարող է նույն ողբերգական ճակատագրին արժանանալ, ինչ՝ Սիրիայի Պալմիրան: